Wednesday, March 26, 2008

Ավելի լայն թափով...

Դատելով ճղճիմ ռեժիմի (ի միջի այլոց արդեն ռեժիմ բառն էլ սրանց չի սազում) քայլերից, որոնք "ահուսարսափի" մեջ են ընկնում հրապարակայնորեն թերթ ու գիրք կարդալու գաղափարից անգամ, մանավանդ, որ վերջում պետք է լուսավորվեին իրենց իսկ ծառաների մտքերը, կարելի է պնդել, որ պարզապես զբոսնելը և այդ զբոսնելու ընթացքում որևէ օգտակար և հաճելի զբաղմունքով զբաղվելը բավականին ուժեղ հարված է հասցնում նրանց` ինչքան էլ որ դա անհավատալի է թվում:

Հետևաբար կոչ ենք անում բոլորիդ ամեն օր ժամը 18.00 այցելել Հյուսիսային պողոտա զբոսնելու` միաժամանակ զբաղվելով որևէ հետաքրքիր կամ օգտակար գործով (ընթերցանություն, բանավեճեր, կենդանի երժշտություն, սպորտային և ինտելեկտուալ խաղեր, և այլն): Ցանկը բաց է. օրենքի շրջանակներում արեք ինչ ուզում եք...

Հաղթելու ենք!

Tuesday, March 25, 2008

Ժողովրդական զբոսանք

Հարգելի հայրենակիցներ,

Մարտի 21-ին մենք նախատեսել էինք մոմավառություն անցկացնել Ազատության հրապարակում ի հիշատակ վարչախմբի կողմից սանձազերծված մարտիմեկյան բռնությունների զոհերի: Սակայն իշխանությունները նորից ցույց տվեցին իրենց դեմքը: Ժողովրդի փորձերը նշել այդ օր որպես ազգային սգո օր (մի բան, որ հանցանք գործած իշխանությունը անամոթաբար հրաժարվեց անել) խափանվեցին բազմահազար ոսիկանական զորքի կողմից:

Այսուհետ պարզ է, որ իշխանությունները իրականում չեն հանել արտակարգ դրությունը եւ շարունակում են կապանքի տակ պահել մեր ազատության խորհրդանիշը` Ազատության հրապարակը: Որպես մեր երկրում ազատության եւ ժողովրդավարության վերականգնման առաջին քայլ մենք պետք է վերականգնենք մեր սիրված հրապարակը ազատորեն այցելելու եւ այնտեղ զբոսնելու մեր իրավունքը:

Մենք միանում ենք ժողովրդի որոշմանը ամեն օր ժամը 18;00-ից սկսած ժողովրդական զբոսանք անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ հնարավոր կլինի հանդիպել նաեւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների, որոնց առջեւ փակված են վարչախմբին սպասարկող հեռուստատեսությունների դռները:

Թող վարչախումբը նորից ոստիկաններով փակի մեր հրապարակը, մենք կգանք մյուս օրը: Սակայն մենք ամբողջ աշխարհին կապացուցենք, որ այս իշխանությունները միակ հենքը` սվիններն են: Մենք ավելի համառ կլինենք մեր խաղաղ ճնշման իրականացման մեջ, քան ռեպրեսիվ մեքենան իր անպտուղ զորաշարժերով եւ բռնի գործողություններով: Իրականացնելով մեր հրապարակներում զբոսնելու իրավունքր, որն արգելված չէ անգամ իշխող ռեժիմի կողմից վերջերս ընդունված հակասահմանադրական օրենքներով, մենք հերթական կարեւոր քայլը կանենք մեր ազատությունների վերականգնման ճանապարհին:

Ազգային զարթոնքհասարակական կազմակերպությունների միություն

Օրենք «Ժողովրդական զբոսանքի մասին»

Նախագիծ

Սույն օրենքը կարգավորում է ժողովրդական զբոսանքի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 1. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունների սահմանումը

Ժողովրդական զբոսանք՝ մարդկանց տեղաշարժվելը մի վայրից դեպի մեկ այլ վայր:

Հոդված 2. Ընդհանուր դրույթներ

Ժողովուրդն իրավունք ունի զբոսնելու միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում:

Միջազգային իրավական ակտերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը մասամբ կարող են գործել միայն օտարեկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանում դիվանագիտական առաքելություն կատարող օտարերկրյա դիվանագետների, դիտորդների համար:

Զբոսանքի վայրը, զբոսանքի ելակետից հեռանալու առավելագույն շառավիղը, քայլելու ուղղությունը, ինչպես նաեւ զբոսանքին հատկացված ժամը ՀՀ վարչապետի ներկայացմամբ հաստատում է ՀՀ նախագահը:

Ժողովրդի զբոսանքի ժամանակ ՀՀ սահմանադրական կարգի պահպանման անվտանգությունն ապահովվում են ՀՀ Ոստիկանությունը եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ զանգվածային զբոսանքների ընթացքում՝ նաեւ ՀՀ զինված ուժերը:

Սույն օրենքը կարող է ՀՀ ազգային ժողովի արտահերթ գիշերային նիստով տարածվել նաեւ ապրիլի 9-ի, ապրիլի 24-ի եւ զանգվածային այլ միջոցառումների վրա:

Հոդված 3. Զբոսանքի անցկացման կանոնակարգը

Զբոսանքին պետք է ներկայանալ միայնակ:

Զբոսանքի պետք է ներկայանալ միայն անձնագրով: Անձնագրի վավերականության ժամկետը պետք է երեք ամսով գերազանցի զբոսանքին մասնակցելու ժամկետը:

Երկու հոգով զբոսնելիս ՀՀ քաղաքացիները պետք է մոտներն ունենան եւ ՀՀ Ոստիկանության աշխատակցի պահանջով ներկայացնեն.

ա. ամուսնական զույգի դեպքում՝ ամուսնության վկայական, որը հաստատում է զբոսնող զույգի օրինական ամուսնական կարգավիճակը

բ. արտաամուսնական զույգի դեպքում՝ տեղեկանք ամուսնուց (կամ կնոջից)

գ. ոչ ամուսնական կապ ունեցող երկու անձանց զբոսնելու կանոնակարգը սահմանում է սպորտի, մշակույթի եւ երիտասարդության ոլորտի պետական լիազոր մարմինը:

Հոդված 4. Զբոսանքի լուսաբանումը

Չի թույլատրվում զբոսանքի ներկայանալ տեսանկարահանող կամ ձայնագրող սարքերով:

Զբոսանքի լուսաբանում լիազորված է կատարելու է միայն Հանրային Հեռուստաընկերությունը: Այլ հեռուստաընկերությունները եւ լրատվական միջոցները պետք է անփոփոխ սփռեն միայն Հանրային Հեռուստաընկերության տրամադրած նյութերը:

Հոդված 5.Զբոսանքի սահմանափակումներ

Արգելվում է զբոսնելիս որեւէ ձեւով հաղորդակցվել այլ զբոսնողների հետ, այդ թվում՝ բարեւել, ժպտալ, աչքով անել, հարց տալ, պատասխանել, զրուցել, քննարկել:

Արգելվում է զբոսնելիս ձեռքում պահած ունենալ նկարներ, կոչեր, զույգ թվով ծաղիկներ, մոմեր եւ ՀՀ սահմանադրական կարգը խախտելուն միտված այլ պարագաներ:

Զբոսնելիս արգելվում է կանգ առնել ավելի, քան հինգ րոպեի ընթացքում:

Զբոսնելիս արգելվում է օգտվել սրճարանների եւ հանգստի ու զվարճանքի այլ վայրերի տրամադրած ծառայություններից օգտվել ավելի, քան տաս րոպեի ընթացքում:

Հոդված 6. Օրենքի ուժի մեջ մտնելը

Օրենքը ուժի մեջ է մտնում սկսած հրապարակման հաջորդ օրվանից: