Tuesday, March 25, 2008

Օրենք «Ժողովրդական զբոսանքի մասին»

Նախագիծ

Սույն օրենքը կարգավորում է ժողովրդական զբոսանքի հետ կապված հարաբերությունները:

Հոդված 1. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունների սահմանումը

Ժողովրդական զբոսանք՝ մարդկանց տեղաշարժվելը մի վայրից դեպի մեկ այլ վայր:

Հոդված 2. Ընդհանուր դրույթներ

Ժողովուրդն իրավունք ունի զբոսնելու միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում:

Միջազգային իրավական ակտերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը մասամբ կարող են գործել միայն օտարեկրյա քաղաքացիների, այդ թվում՝ Հայաստանում դիվանագիտական առաքելություն կատարող օտարերկրյա դիվանագետների, դիտորդների համար:

Զբոսանքի վայրը, զբոսանքի ելակետից հեռանալու առավելագույն շառավիղը, քայլելու ուղղությունը, ինչպես նաեւ զբոսանքին հատկացված ժամը ՀՀ վարչապետի ներկայացմամբ հաստատում է ՀՀ նախագահը:

Ժողովրդի զբոսանքի ժամանակ ՀՀ սահմանադրական կարգի պահպանման անվտանգությունն ապահովվում են ՀՀ Ոստիկանությունը եւ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ զանգվածային զբոսանքների ընթացքում՝ նաեւ ՀՀ զինված ուժերը:

Սույն օրենքը կարող է ՀՀ ազգային ժողովի արտահերթ գիշերային նիստով տարածվել նաեւ ապրիլի 9-ի, ապրիլի 24-ի եւ զանգվածային այլ միջոցառումների վրա:

Հոդված 3. Զբոսանքի անցկացման կանոնակարգը

Զբոսանքին պետք է ներկայանալ միայնակ:

Զբոսանքի պետք է ներկայանալ միայն անձնագրով: Անձնագրի վավերականության ժամկետը պետք է երեք ամսով գերազանցի զբոսանքին մասնակցելու ժամկետը:

Երկու հոգով զբոսնելիս ՀՀ քաղաքացիները պետք է մոտներն ունենան եւ ՀՀ Ոստիկանության աշխատակցի պահանջով ներկայացնեն.

ա. ամուսնական զույգի դեպքում՝ ամուսնության վկայական, որը հաստատում է զբոսնող զույգի օրինական ամուսնական կարգավիճակը

բ. արտաամուսնական զույգի դեպքում՝ տեղեկանք ամուսնուց (կամ կնոջից)

գ. ոչ ամուսնական կապ ունեցող երկու անձանց զբոսնելու կանոնակարգը սահմանում է սպորտի, մշակույթի եւ երիտասարդության ոլորտի պետական լիազոր մարմինը:

Հոդված 4. Զբոսանքի լուսաբանումը

Չի թույլատրվում զբոսանքի ներկայանալ տեսանկարահանող կամ ձայնագրող սարքերով:

Զբոսանքի լուսաբանում լիազորված է կատարելու է միայն Հանրային Հեռուստաընկերությունը: Այլ հեռուստաընկերությունները եւ լրատվական միջոցները պետք է անփոփոխ սփռեն միայն Հանրային Հեռուստաընկերության տրամադրած նյութերը:

Հոդված 5.Զբոսանքի սահմանափակումներ

Արգելվում է զբոսնելիս որեւէ ձեւով հաղորդակցվել այլ զբոսնողների հետ, այդ թվում՝ բարեւել, ժպտալ, աչքով անել, հարց տալ, պատասխանել, զրուցել, քննարկել:

Արգելվում է զբոսնելիս ձեռքում պահած ունենալ նկարներ, կոչեր, զույգ թվով ծաղիկներ, մոմեր եւ ՀՀ սահմանադրական կարգը խախտելուն միտված այլ պարագաներ:

Զբոսնելիս արգելվում է կանգ առնել ավելի, քան հինգ րոպեի ընթացքում:

Զբոսնելիս արգելվում է օգտվել սրճարանների եւ հանգստի ու զվարճանքի այլ վայրերի տրամադրած ծառայություններից օգտվել ավելի, քան տաս րոպեի ընթացքում:

Հոդված 6. Օրենքի ուժի մեջ մտնելը

Օրենքը ուժի մեջ է մտնում սկսած հրապարակման հաջորդ օրվանից:

1 comment:

atitac14 said...

good that you have a blog now....pitty I can't understand it... ;)
see ya around!:)